ՀրազՋԷԿ-ը կառուցված է Հրազդան և Մարմարիկ գետերի հովտում, նրանց միախառնման մոտակայքում, ծովի մակարդակից 1715-1730մ բարձրության վրա: Այն նախագծված էր 60-ական թվականների սկզբին, բավական խիստ կլիմայական պայմաններում աշխատելու համար` բարձրությունը 1730մ ծովի մակերեսից բարձր, ջեռուցման հաշվարկային ջերմաստիճանը`- 21օC, 186 օր ջեռուցման ժամանակաշրջանի տևողությամբ:
Հրազդանի ՋԷԿ-ի (Հրազդանի ջերմաէլեկտրակենտրոն) կառուցումը սկսվել է 1963թ.: Առաջին երկու ПТ-50-130/7 տիպի ջերմաֆիկացիոն շոգետուրբինները շահագործման հանձնվեցին 1966-1967թթ.: 1969թ. նոյեմբերին և դեկտեմբերին շահագործման են հանձնվել ևս երկու Т-100-130 տիպի ջերմաֆիկացիոն շոգետուրբինները: Ի սկզբանե կայանը նախագծվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ Անդրկովկասի (Հարավային Կովկաս) կարիքները բարելավելու համար:
1969թ. Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրական հզորությունը հասել էր 300ՄՎտ, իսկ առաքվող ջերմային հզորությունը` 560Գկալ/ժամ (650ՄՎտ): 1969-1974թթ. ժամանակահատվածում կառուցվեց էլեկտրակայանի երկրորդ հերթը` չորս կոնդենսացիոն էներգաբլոկներով, 810ՄՎՏ գումարային հզորությամբ: Ջերմաէլեկտրակենտրոնի և կոնդենսացիոն կայանի մոտ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև որոշ տեխնոլոգիական տնտեսությունների ընդհանրությունը, պատճառ են հանդիսացել երկու կայանների միավորման` որպես մեկ պետական շրջանային էլեկտրակայան (ՊՇԷԿ) :
1110ՄՎտ գումարային հզորություն ունեցող Հրազդանի ՊՇԷԿ-ը դարձել է Հայաստանի խոշորագույն էլեկտրակայան:
Առաջին ագրեգատի թողարկման պահից մինչև 2005թ. հունվարի 1-ը Հրազդանի ՋԷԿ-ը արտադրել է մոտ 143 մլրդ ԿՎտ.ժ. էլեկտրաէներգիա և 12,3 մլն Գկալ ջերմային էներգիա: Առավել արտադրողական են եղել 1980-ական թվականները, երբ էլեկտրաէներգիայի արտադրությունը հասել էր տարին 6,85 մլրդ կՎտ.ժ. դրվածքային հզորության, ժամերի օգտագործումը կազմել է առավել քան 6200 (70%): Ջերմության առավելագույն առաքումը գրանցվել է 1990թ. և կազմել է 950000Գկալ: